Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում Եվրամիությանն աջակցող ցույցին մասնակցող Վրաստանի մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները դաժան հարձակման են ենթարկվել անհայտ, դիմակավորված անձանց խմբերի կողմից:
Ըստ տեղեկությունների, դիմակավորված անձանց խմբերը հիմնվել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայի մի շարք կողմնակի փողոցներում, որտեղ տասներորդ գիշերն է, ինչ անցկացվում են ԵՄ օգտին և հակակառավարական ցույցեր։
Նրանք նշեցին, որ «դաժան ծեծի ենթարկված 19-ամյա երիտասարդին» հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է շտապօգնություն, մինչդեռ բժիշկները մնացել են դեպքի վայրում՝ զննելու մյուս տուժածին, ով հայտնել է, որ «դեմքի լուրջ վնասվածքներ» ունի։
Հարձակման հետևանքով տուժել են լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գեորգի Շեցիրուլին։ Նրանք հոսպիտալացվել են ուղեղի ցնցումով։ Բժիշկների խոսքով՝ լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից ժամեր անց Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել լրագրողների վրա հարձակման փաստով: Գերատեսչությունում ընդգծել են, որ իրականացնում են «բոլոր անհրաժեշտ գործողությունները» մեղավորներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: TV Pirveli-ի տնօրեն Վաթո Ծերեթելին 25 000 ԱՄՆ դոլար է խոստացել նրան, ով տեղեկություններ կփոխանցի հարձակում գործած անձանց վերաբերյալ։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ, որն աջակցում է ցուցարարներին, Վրաստանի ՆԳՆ-ին կոչ է արել «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան սարսափելի իրադարձությունների»:
Հարևան Վրաստանում արդեն մի քանի օր է՝ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։